BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Կդարձնե՞ն կաթոլիկները Ֆրանսուա Ֆիյոնին Ֆրանսիայի նախագահ

Կդարձնե՞ն կաթոլիկները Ֆրանսուա Ֆիյոնին Ֆրանսիայի նախագահ
25.11.2016 | 12:17

Ֆրանսիացի կաթոլիկները կենտրոնացնում են ուժերը ի պաշտպանություն նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի, որ հավակնում է նախագահական ընտրություններում լինել աջերի թեկնածուն: Նոյեմբերի 20-ին նա հաղթեց հանրապետական կուսակցության պրայմերիզների առաջին փուլում՝ հավաքելով 44,1 %: Նոյեմբերի 27-ին նախկին վարչապետը մրցելու է Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեի հետ, որ ստացել էր 28,3 %: Ծայրահեղ ձախ L’Humanité-ն Ֆիյոնի վստահ հաղթանակն առաջին փուլում անվանում է «աջ ընտրազանգվածի տագնապի ազդանշան»:

Թերթը գրում է, որ նախկին վարչապետը այդքան շատ ձայներ ստացավ ի հաշիվ կաթոլիկների ու ավանդապաշտների՝ ընտանիքի հարցում իր պահպանողական տեսակետների համար և հիշեցնում է, որ աջերի նոր առաջատարին աջակցել են Manif pour tous և Sens commun շարժումները, որ միասեռ ամուսնությունների դեմ են: Ֆրանսիացի քաղաքագետները և լրատվամիջոցները փորձում են հասկանալ՝ ինչո՞վ է Ֆիյոնը «գայթակղել» կաթոլիկ ընտրողներին (հարցումների տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ծխականների 53 %-ը): Առաջին՝ նա երբեք չի թաքցրել իր ջերմ վերաբերմուքը կրոնի նկատմամբ և միշտ բարձրաձայնել է. «Ես դաստիարակվել եմ այդ ավանդույթով ու պահպանել եմ իմ հավատը»: Նախկին վարչապետը պարբերաբար ուխտ է գնում Սուրբ Պետրոսի Սոլեմյան աբբայություն՝ բենեդիկտյան մենաստան, որ Սարտա գետի ափին է: Անցած տարի ամռան սկզբին, սկսելով նախագահի թեկնածուի առաջադրման արշավը, Ֆիյոնը մասնակցեց Փարիզում արևելյան քրիստոնյաների պաշտպանության հանրահավաքին, նրա ելույթը ապահովեց փախստական քրիստոնյաների ջերմ աջակցությունը: Երկրորդ՝ նրա թիմում են «բուռն քիստոնյաներ»՝ Վալերի Բուայեն և Ժերոմ Շարտիեն, Լուարայի նահանգապետ Բրունո Ռետայոն: Երրորդ՝ լուրջ քայլ էր Ֆիյոնի նամակը Ֆրանսիայի կաթոլիկ եպիսկոպոսական համաժողովին, որ տպագրվեց հոկտեմբերի 24-ին՝ ի պատասխան հոգևորականների հոկտեմբերի 13-ի կոչի՝ «Վերաբացահայտենք քաղաքականության իմաստը փոփոխական աշխարհում»: Նախագահի թեկնածուն համերաշխություն էր հայտնում եպիսկոպոսների «հույսերին»: Պատասխան նամակում նա անձի արժանապատվությունը և ձեռներեցության ու ազատության ոգին անվանում էր «Լուսավորչականության դարաշրջանի և քրիստոնեական արժեքների ժառանգություն»:

Բախվելով իսլամական տոտալիտարիզմի աճին, նշում է Ֆրանսուա Ֆիյոնը, պետք է հակադրել մեր արժեքների նկատմամբ վստահ դավանանքը՝ չտրվելով ռելյատիվիզմի: Նրա խոսքով՝ ինքը կողմ է կապիտալիզմի, որ չի ազատում հարստությունները ստեղծող մարդուն թույլերի համար իրավունքների և հնարավորությունների մեծացման պայքարից, բայց դեմ է «կլանային կապիտալիզմին, որտեղ լոբբիստները առավելություն են ստանում ընդհանուր բարիքի և ընդհանուր շահի հաշվին»: Նախկին վարչապետը կաթոլիկներին խոստացել է փոխել միասեռական ամուսնությունների օրենքը՝ արգելելով երեխաներ որդեգրել: Միաժամանակ՝ նա խոսում է միգրանտների մուտքի սահմանափակման մասին: Օրերս Ֆրանսուա Ֆիյոնը բանավիճեց Europe 1 ռադիոկայանի եթերում Ալեն Ժյուպեի հետ, որ նրա մեղադրում էր ավանդապաշտության մեջ: «Այո, իհարկե, ես կաթոլիկ եմ, բայց ոչ հետադիմական կամ պահպանողական»՝ հայտարարեց Ֆիյոնը՝ հավելելով, ոչ չի պատրաստվում ներում հայցել իր «արժեքների» համար: Դրանով նա իր օգտին է դարձնում ոչ միայն միջին և ավագ տարիքի ընտրողներին, այլև երիտասարդներին, որ դառնում են նրա կամավորականներ ու ակտիվորեն աջակցում են իրենց թեկնածուին սոցիալական ցանցերում: Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի աշխատակից Ժերոմ Ֆուկեն նշում է կաթոլիկ ընտրողների համակրանքների կարևորությունը: Պրայմերիզների մակարդակում կաթոլիկները 15 % են, դա «հզոր փոքրամասնություն է, որ արագ համախմբվում է քվեարկության ժամանակ»՝ նշում է սոցիոլոգը՝ ընդգծելով, որ «աջ կաթոլիկների համար Ֆիյոնը լավ սինթեզ է նախագահի և ռադիկալ գաղափարախոսության»:

Նրա թեկնածությունը պատրաստ են քարոզել 9000 կամավորականներ Manif pour tous-ից և Sens commun-ից: Մինչև այսօր ֆրանսիացի կաթոլիկները պարտվում էին նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակարգից: Բայց հիմա իրավիճակը փոխվում է: ԱՄՆ-ից փչում են փոփոխությունների քամիները, որի դրսևորումը դարձավ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը: Նրա և Ֆիյոնի ծրագրերում կարելի է գտնել սկզբունքային և կարևոր համընկնումներ, «աջպահպանողական հեղափոխության» ցանկություններ, որ ի տարբերություն ձախազատական գաղափարախոսության, որ պնդում է, թե աշխատում է հանուն ընդհանուր բարիքի, իրոք կկատարի իր խոստումները և կկործանի կլեպտոկրատական գլոբալիստական էլիտաներին: Այդ առումով Ֆիյոնը, ում, ինչպես Թրամփին, շրջապատում են քրիստոնյա խորհրդականներ, հանդես է գալու ստատուս քվոն նորացնելու, այլ ոչ թե պահպանելու ծրագրով, ինչպես իր ընդդիմախոսները: ԱՄՆ կաթոլիկ եկեղեցին և կաթոլիկ ընտրողները էականորեն օգնեցին հանրապետական թեկնածուին հաղթել: Գալիս է ռևանշի ժամանակը և Ֆրանսիայում, որ այս տարվա մարտին Հռոմի Ֆրանցիսկոս պապն անվանեց «Եկեղեցու ավագ քույր, թեպետ ոչ ամենահավատարիմ»:
Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ, REGNUM


Հ.Գ. Ֆրանսուա Ֆիյոնը, իհարկե, այս կիրակի էլ կարող է հաղթել Ալեն Ժյուպեին, բայց պրայմերիզներում հաղթանակը դեռ քիչ է Ելիսեյան պալատ մտնելու համար: Մարին լը Պենը շատ ավելի մեծ փորձություն է, քան կուսակիցներն են, առավել ևս, որ վերջին հարցումներով՝ ֆրանսիացիները նրան են տեսնում իրենց նախագահ՝ հոգնած տղամարդկանց փոխարեն: Գուցե Ֆրանսիան անի՝ ինչ չարեց ԱՄՆ-ը՝ ընտրի առաջին կին նախագահին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ